Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Այվազովսկու «դարձը»

Այվազովսկու «դարձը»
28.03.2017 | 12:04

Վաստակաշատ արվեստաբան Շահեն Խաչատրյանը, ինչ խոսք, ուռա-հայրենասիրությանը տուրք տալով չէ, որ իր ծավալուն աշխատությունը՝ նվիրված աշխարհահռչակ ծովանկարչի ծննդյան 200-ամյակին, վերնագրել է «Հովհաննես Այվազյան»: Սա հեղինակի յուրովի մարտահրավերն է՝ ուղղված հայկական մշակույթի և արվեստի յուրացմանը ամենատարբեր եղանակներով ու ճանապարհներով, ամենատարբեր անհատների (հանրահայտ և լիովին անհայտ) և կազմակերպությունների կողմից: Գրքի կողային հատվածում ծովանկարչի հանրածանոթ հայերեն ստորագրության արտատպությունն է՝ «Հովհաննես Այվազյան»: Հայաստանի նկարիչների միության 3-րդ հարկի ցուցասրահում կայացած «Լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխության ժամանակ 80-ամյակը բոլորած արվեստաբանն ու այս բնագավառի եզակի նվիրյալներից մեկը անդրադարձավ վերջերս Մոսկվայում կայացած և աննախադեպ շուքով անցած Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին, որի ժամանակ հեղինակավոր մարդիկ վերջապես արձանագրել են հռչակավոր ծովանկարչի հայ լինելու հանգամանքը՝ «Իվան Այվազովսկին ռուս հանճարեղ նկարիչ է, հայկական արմատներով» եզրակացությամբ: Ըստ պարոն Խաչատրյանի, վերջին հարյուր տարում բազմիցս փորձել են ծովանկարչին վերագրել թուրքական ծագում: Այժմ սառույցը կարծես հալչում է: Շահեն Խաչատրյանը բազմաթիվ փաստերով ու կռվաններով ամենուր հերքել է Հովհաննես Այվազովսկու ծագման մասին հերյուրանքները, նրան վերադարձնելով սեփական ազգային պատկանելությունը: Ի վերջո, ծովերի կախարդը ոչ միայն երբևէ չի խուսափել իր ազգային պատկանելությունից, այլև ամենուր և հրապարակայնորեն հպարտացել է իր հայկական ծագումով: Այվազովսկու բազմաթիվ կտավներում է առկա հայկական հետքը: Այսօր խնդիրը պետք է դիտարկել այլ, մշակութային դիվանագիտության հարթությունում, այսինքն՝ այնտեղ, ուր դարեր շարունակ մենք տանուլ ենք տալիս: Այվազովսկու մասին մինչ օրս չի նկարահանվել այնպիսի բարձրակարգ գեղարվեստական կամ վավերագրական ֆիլմ, որը առանց այլևայլության կցուցադրեն համաշխարհային հեղինակավոր հեռուստաալիքները, ասենք, թեկուզ ռուսական հանրահայտ «Культура»-ն: Նրա ինքնության շուրջ Հայաստանում մինչ օրս չի կայացել միջազգային նշանակության որևէ գիտաժողով: Մենք ընդամենը հաջողում ենք մի հարցում՝ վիրավորվում ենք աշխարհից, որն այդպես էլ չի գիտակցում, գիտակցումից հետո էլ չի ընդունում, որ նա հայ է՝ հայ է ծագմամբ, զարմանալի շռայլ օժտվածությամբ, հայ է հոգեխառնվածքով և ազգային նկարագրով:

Մայրաքաղաքում Հովհաննես Այվազովսկու ներկայությունը գրեթե աննկատ է: Մի գողտրիկ հուշարձան է տեղադրված Երևանի Օղակաձև զբոսայգում (հեղինակը Հայաստանի վաստակավոր նկարիչ Յուրի Պետրոսյանն է) և էլ ոչինչ: Եվ այս պարագայում, համոզված եմ, անտեղի չէ առաջարկս՝ Արսեն Ամիրյանի անունը կրող փողոցը վերանվանակոչել Հովհաննես Այվազովսկու անունով:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ